The statement is available in English , Azerbaijani and Turkish languages.
Հեղափոխական այս մարտի 8-ին մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ֆեմինիստները համախմբվում և ասում ենք՝ կորչի՜ ձեր հայրիշխանական «խաղաղությունը»։
Վերջին երեք տարիներին իշխանությունները բորբոքել են թշնամանքի կրակը՝ ցինիկաբար պնդելով, թե խաղաղության ուղղությամբ առաջընթաց կա, և միաժամանակ բոցավառելով ազգայնականության հուրը։ Նրանք սահմանններից ու միջանցքներից են խոսում՝ միաժամանակ անտեսելով իրական հաշտեցման հրատապ անհրաժեշտութունը։
Բայց մենք տեսնում ենք, թե ինչ կա նրանց ֆասադի հետևում։ Նրանց դատարկ խոստումներն այսպես կոչված խաղաղության մասին նպատակ ունեն մատնացույց անել մյուս կողմին՝ երկրի ներսում ամրապնդելով ճնշող կառույցներն ու լռեցնելով այլախոհներին։ Նրանք առաջնայնություն են տալիս սեփական իշխանությանն ու անվտանգությանը՝ անտեսելով այն մարդկանց բարեկեցությունը, ում, իրենց իսկ պնդմամբ, պաշտպանում են։
Մենք հրաժարվում ենք մեղսակից լինել այս ներկայացմանը։ Մենք պահանջում ենք վերջ դնել մանիպուլյատիվ խաղերին ու կեղծ նարատիվներին։ Մեր պայքարը զսպման համար չէ, ոչ էլ սպառազինության հավասարակշռության, այլ ժողովուրդների միջև իրական խաղաղության։
Վե՜րջ այս պատրանքներին։
Մենք գիտակցում ենք, որ այս իշխանությունների համար մեր շարունակական վտանգվածությունը նախապայման է իրենց անվտանգության համար։ Ու՞մ են նրանք իրապես պաշտպանում։ Վստահաբար՝ ոչ ժողովրդին։ Նրանք պաշտպանում են իշխող դասակարգին, որը ձգտում է մեկ բանի՝ ազգայնականության միջոցով ստեղծել ենթադրյալ հավաքական շահ, պատերազմի այս գործով շահույթ ապահովել ու իշխանություն պահպանել։ Դառը իրականությունն այն է, որ նրանք են մեր վտանգների ճարտարապետները։ Հետևաբար՝ մեր առաջադրանքն է հավաքական գործողության միջոցով արմատախիլ անել այդ վտանգները։
Ինչու՞ մենք պիտի վստահենք Ալիևի ռեժիմին․ ռեժիմ, որն ախտոտում է հողն ու թունավորում մարդկանց հանքերի ջրով (ինչպես Սոյուդլու գյուղում); ռեժիմ, որը բռնություն է կիրառում այլախոհների, այդ թվում՝ տարեց կանանց նկատմամբ (ինչպես 2023 թվականի Սոյուդլույի ցույցերին); ռեժիմ, որը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000-անոց հայկական բնակչության էթնիկ զտում է իրականացնում «արդարացի վրեժի» քողի տակ՝ մինչ այդ 10 ամիս շարունակ միտումնավոր սովի մատնելով այդ նույն բնակչությանը 2023 թվականի պաշարմամբ; ռեժիմ, որը պնդում է, թե Հայաստանի մի մասը «Ադրբեջանի պատմական հողն է» և դավադրություններ ստեղծում, ինչպես օրինակ՝ պատմական կեղծարարությունը՝ մեդիաքարոզչության միջոցով; և ռեժիմ, որը հավերժացնում է իր իշխանությունը կեղծ «ընտրություններով»։
Ինչու՞ մենք պիտի որևէ հավատ ունենանք Ալիևի սեքսիստական և վախ սերմանող ռեժիմի նկատմամբ, որը հավատարիմ մնալով իր ամենատիրական ավանդություներին՝ մարտի 8-ից երկու օր առաջ առևանգեց և բանտարկեց ավելի քան 20 լրագրողների, որպեսզի ճնշի Բաքվի ֆեմինիստական ցույցն ու թույլ չտա, որ այն հանրային դառնա։ Իր հիմքում՝ այս ռեժիմի հարձակումն անկախ լրագրության վրա լկտի փորձ է ճշմարտության և այլախոհության ձայները լռեցնելու և, այսպիսով, հավերժացնելու ճնշման և շահագործման համակարգը։ Մենաշնորհելով տեղեկատվությունն ու ջախջախելով անկախ լրագրության նմանվող ամեն բան՝ Ալիևի ռեժիմը ձգտում է խորացնել զագնվածների նկատմամբ իր իշխանությունն ու գերակայությունը, ինչն այն արդեն իսկ մեծ չափով ունի։
Ոգեշնչված իր ավտորիտար եղբայրների՝ Էրդողանի և Պուտինի կանոնագրքերից, Ալիևը վախի մարտավարությունը կիրառում է որպես վերահսկման միջոց։ Էրդողանի անողոք բռնաճնշումները ԶԼՄ-ների այլախոհության նկատմամբ և Պուտինի ուլտրապահպանողականությունը (արտահանման մի նոր նյութ) ծառայում են որպես նախադեպ և ոգեշնչման աղբյուր, որն Ալիևը փորձում է կրկնօրինակել անվիճելի իշխանությանն իր ձգտման մեջ։ Այս հաշվարկված ռազմավարությունը ենթադրում է ոչ թե կտրուկ, այլ աստիճանական էրոզիա, մինչ օրենսդրական փոփոխություններն ու ակտիվիստների համակարգային թիրախավորումը ճանապարհ են հարթում տոտալիտար կառավարման համար։
Չսխալվեք՝ Ալիևի ռեժիմը սուվերեն չէ։ Չնայած անկախություն ցուցադրելու և տարածաշրջանում միջին ուժի իմիջ ստեղծելու փորձերին, Ալիևի ռեժիմի՝ դեպի ուլտրապահպանողականություն, ուլտրաազգայնականություն և պանթուրքիստական գաղափարախոսություններ տանող հետագիծն ի վերջո ցույց է տալիս, թե այս տիկնիկային թատրոնում ում ձեռքում են պարանները, և որ պատերազմը մշտական է լինելու՝ այսպես կոչված խաղաղություն հասկացությունը դարձնելով հեռավոր պատրանք։ Արևմտյան ժողովրդավարությունները միջնորդության իրենց ենթադրյալ փորձերում մեղսակից են երևում այս վտանգավոր հետագծին` լռելյայն աջակցելով նույն ռեժիմի շահերին։
Ուրեմն ինչու՞ մենք պիտի հույս դնենք լիբերալ ժողովրդավարության վրա՝ համակարգի, որը լեգիտիմացնում է ֆաշիստական ռեժիմները, ինչպիսին Ադրբեջանինն է, այսպես կոչված խաղաղության հասնելու քողի տակ։ Շառլ Միշելի պես գործիչներն ի ցույց են դնում այս երեսպաշտությունը՝ դիվանագիտական ժեստերի մեջ մտնելով և միաժամանական աչք փակելով ռեժիմի վայրագությունների, այդ թվում՝ խոշտանգումների, առևանգումներ և այլախոհերի բանտարկությունների վրա։
Նրանք առաջնայնություն են տալիս տնտեսական շահերին, օրինակ՝ 2024-ի Կլիմայական փոփոխությունների կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելով, որի գործառույթը այսպես կոչված ազատ շուկան ընդլայնելն է՝ այդպիսով պահպանելով ֆաշիստական ռեժիմի իշխանությունը։ Մենք հավասարապես մերժում ենք տարածաշրջանում և՛ պատեռնալիստական լիբերալ ավտորիտարիզմը՝ այսպես կոչված «դիմոքրասին», և՛ Ալիևի էտատիստական ավտորիտարիզմը։
Ինչու՞ մենք պիտի վստահենք Փաշինյանի ռեժիմին, որը յուրացրեց Հայաստանի աշխատավոր դասակարգի 2018-ի ընդվզումը և իշխանության գալուց կարճ ժամանակ անց սկսեց վարել նեոլիբերալ քաղաքականություն՝ օրինակ, համահարթ հարկման համակարգ, բռնաճնշումներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ շարժման նկատմամբ։ Փոխանակ լուծում բերելու՝ Փաշինյանը կրկնապատկեց իր նախորդների ազգայնական ու ռազմատենչ հռետորաբանությունը։ 30 տարվա տարի ձգվող պատերազմի՝ 2020 թվականի էսկալացիան ի ցույց դրեց, թե Հայաստանի բոլոր կառավարությունները որքան էին ապատեղեկացրել և իզոլացրել հայաստանյան հանրությանը Ղարաբաղի հետ կապված իրողություններից՝ 7 շրջանների բռնազավթումից, լուծման հասնելու համար փոխզիջումների գնալու անխուսափելիությունից և հայկական կողմի գործած վայրագություններից։ Փաշինյանի ռեժիմը հակասական մեսիջներ էր տալիս հակամարտության մասին՝ ի սկզբանե նրանք խոսում էին լուծումներից, որոնք ընդունելի կլինեին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն նրանք շուտով փոխեցին ուղղությունը դեպի նույն այն ազգայնականությունը, որը կար իրենցից առաջ։ Այս անցումը նշանավորվեց չորս տարի առաջ Փաշինյանի տխրահռչակ «Արցախը Հայաստան է, և վե՜րջ» արտահայտությամբ։ Հազարավոր մարդիկ են մահացել այս չորս տարիների ընթացքում, ու չնայած դրան՝ հակասական մեսիջները մինչ օրս շարունակվում են։
Փաշինյանի կառավարությունը խնդիր չունի Հայաստանի բնակչությանն անորոշության մեջ պահելու հետ։ Նրանք խոսում են «խաղաղության», «հաղորդակցությունների բացման», ոչ ավել ոչ պակաս՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Չնայած դրան՝ «խաղաղության բանակցությունները» ձախողվում են, մարդիկ շարունակում են մահանալ սահմաններին, հասարակությունը շարունակում է ապրել անորոշության մեջ՝ առանց հաշտեցման որևէ տեսլականի։ Այս բանակցությունները նպատակ ունեն ոչ թե տարածաշրջանում խաղաղության հասնել, այլ քաղաքական իշխանություն ձեռք բերել կամ պահպանել, սպասարկել տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը։
Այս ռեժիմների մտքում «խաղաղությունը» մարդկանց մասին չէ։ Այն առևտրային ճանապարհների, ապրանքների հոսքի ու ազատ տեղաշարժի, կայսերական շահերի մասին է, ո՜չ մարդկանց։ Եվ մինչ երկու ռեժիմները տարված են ազարտով, հնարավոր էսկալացիաների սպառնալիքները շարունակվում են։ Նրանք յուրացրել են խաղաղության դիսկուրսը և դարձրել այն իրենց մասին։
Մենք հրաժարվում ենք ենթարկվել նրանց ճնշող իշխանությանը: Մեր մարմինները, մեր տարածաշրջանը, մեր համայնքները սակարկության առարկա չեն նրանց քաղաքական խաղերի համար: Մենք գիտենք, որ այս շարունակվող հակամարտությունը միայն ազգերի միջև չէ՛։ Այն հարձակում է մեր գոյության վրա: Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի կանայք* և քվիր մարդիկ, հայտնվել ենք զրկանքների, բռնության և անորոշության ցանցի մեջ, որոնք բոլորը սնվում են վերջին տարիների անողոք ռազմականացումից: Մեր մարմինները, մեր կյանքը, մեր ներկան ու ապագան՝ բոլորը դրվել են տղամարդկային հպարտության և ռազմատենչ օրակարգերի զոհասեղանին:
Մեզ ստիպում են զինվորներ ծնել իրենց պատերազմների համար, դրդում են սելեկտիվ աբորտների, քանի որ աղջիկ երեխաները հարմար չեն համարվում իրենց բռնի նկրտումներին: Մեր ձայները լռեցվում են, մինչ մենք աշխատում ենք չվարձատրվող կամ ցածր վարձատրվող մասնավոր և հանրային խնամքի գործերում՝ տեղահանված դեպի հասարակության լուսանցքներ: Մենք տրանս կանայք ենք, որոնք բախվում են մշտական սպառնալիքների և բռնության, մենք քվիր երիտասարդությունն ենք, որը պայքարում է հասարակության մերժման և հուսահատության ծանրության դեմ:
Հայրիշխանական ճնշումը, որը մենք կրում ենք, և խաղաղության կեղծ խոստումները, որոնք նրանք տալիս են, ծառայում են միայն մեր նկատմամբ նրանց գերիշխանությունը հավերժացնելուն: Մենք նաև գիտենք, որ այսպես կոչված «կանանց, խաղաղության և անվտանգության» 1325 բանաձևը նույնպես ծառայում է կապիտալիստական խաղաղության բռնի պատրանքին. ռազմականացնելով գենդերն ըստ էսեցիլիստական պահանջի, բռնաճնշումներով և շահագործող պատերազմի հավերժացմամբ՝ տարածաշրջանում կայունության քողի տակ՝ անարդարացիորեն բռնի հանգամանքներում: Մենք հրաժարվում ենք լռեցվել կամ ենթարկվել։ Մենք միասնական ենք մեր անհնազանդության մեջ՝ վերականգնելով մեր ինքնավարությունը, մեր արժանապատվությունը և սեփական պայմաններով գոյություն ունենալու մեր իրավունքը:
Մենք վստահում ենք միայն մեր համայնքին, որը փորձում է ազատվել հեգեմոնիկ փակուղային ազգայնականությունից և դրանով իսկ կազմակերպված ձևով պատասխանատվություն ստանձնել։ Մեր մարմինները գործիքներ չեն նրանց նվաճումների համար, ոչ էլ մեր կյանքը պիտի ծախսվի հանուն իշխանության նրանց ձգտումերի: Մենք պահանջում ենք վերջ դնել նրանց բռնությանը, վերջ դնել նրանց ճնշումներին, վերջ դնել նրանց հայրիշխանական «խաղաղությանը»: Մենք չենք հանգստանա մինչև մեր մարմինները, մեր կյանքերը, մեր ներկան ու ապագան չդադարեն զոհաբերվել նրանց պատերազմներին:
Բազմիցս պետք է շեշտադրենք․ խաղաղության հասնելը ավելին է, քան լոկ պետական պայմանավորվածությունները: Վերևից պարտադրված խաղաղությունը պարզապես ծառայում է գիշատիչ զենք-վաճառողների շահերի ամրապնդմանը և նեոլիբերալ հեգեմոնիան հավերժացնելուն՝ շահագործելով ինքնության քաղաքականությունները՝ պառակտում սերմանելու և վերահսկողությունը պահպանելու նպատակով: Քանի դեռ հարստությունը կենտրոնացած է վերնախավի ձեռքում, ազգայնականությունն ու թշնամանքը կօգտագործվեն ճնշող քաղաքականություններն ու պատերազմներն արդարացնելու համար, ինչի օրինակն են Ալիևի ռեժիմի գործողությունները:
Հրամայական է կենտրոնանալ դասակարգային պայքարի վրա՝ հիերարխիկ արժեքների անարդարության, ավտորիտար կառույցների և հայրիշխանական-կապիտալիստական նորմերի վրա կառուցված հասարակությունների դեմ: Իրական էմանսիպացիան, ներառյալ խաղաղությունը, կգա հանրային կազմակերպման միջոցով՝ խթանելով համերաշխությունը ադրբեջանցիների և հայերի միջև՝ հիմնված ֆեմինիստական սկզբունքների վրա: Այս գործընթացը, որն ընդգրկում է բազմաթիվ փուլեր, կմիավորի մեզ՝ բաժանելու փոխարեն: Ֆեմինիստական հեղափոխությունը մեր պատասխանն է այս ճնշող պայմաններին և իշխանության դինամիկային:
Միասին մենք մերժում ենք հայրիշխանական համակարգերը, որոնք ձգտում են բաժանել և կառավարել մեզ։ Մենք համերաշխ ենք՝ նոր ճանապարհ կերտելու վճռականությամբ, որն ազատ կլինի ճնշումներից ու շահագործումից։
Կորչի՜ ձեր հայրիշխանական «խաղաղությունը»։ Մեր ֆեմինիստական խաղաղությունը չի՜ յուրացվելու։
Comments